Տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդը հիմնադրվել է 2009 թվականի սեպտեմբերի 17-ին, երբ տեսչական բարեփոխումների հայեցակարգը հաստատվեց ՀՀ Կառավարության կողմից, որի նպատակն է համակարգել և ուղղորդել տեսչական բարեփոխումները Հայաստանում: Խորհուրդը կոչված է բարեփոխելու տեսչությունների գործառույթները` ներդնելով ԵՄ չափանիշների համապատասխան ձևավորված ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ բոլոր տեսչություններում, ինչը էականորեն կթեթևացնի ստուգումների հետ կապված տնտեսվարողի բեռը, կբարելավի ստուգման գործընթացը` զգալիորեն նվազեցնելով կոռուպցիան և տարատեսակ խախտումները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարութան կողմից նախաձեռնությանն աջակցելու խնդրանքից հետո` սկսած 2010 թվականից, Գործարարության աջակցման գրասենյակը սկսեց իր ակտիվ համագործակցությունը խորհրդի գործադիր մարմնի` քարտուղարության հետ`  պետական-մասնավոր երկխոսություն իրականացնելու ուղղությամբ վերջինիս գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Իր աջակցության շրջանակներում Գործարարության աջակցման գրասենյակը տրամադրում է համապարփակ տեխնիկական աջակցություն Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի քարտուղարությանը` նախանշված նպատակներին հասնելու համար: Մեր գրասենյակը տրամադրել է իր աջակցությունը քարտուղարությանը բարեփոխումների բոլոր փուլերում. առկա տեսչությունների քարտեզագրում, մոտ 500 օրենքների, տեսչություններին առընչվող որոշումների, կարգավորումների  վերանայում, ռիսկի վրա հիմնված մոտեցման մշակում, ստուգաթերթերի մշակում, նոր` տեսչական բարեփոխումների հայեցակարգը ներկայացնող օրենքի մշակում: Գրասենյակը ակտիվորեն համագործակցում է գործարար համայնքի հետ` բարեփոխման վերաբերյալ իրազեկման ուղղությամբ, քննարկելով և փնտրելով իրավական կարգավորման դաշտում փոփոխությունների առաջարկներ և ներկայացնելով Խորհրդին:

Այսպիսով, տեսչական բարեփոխումների հաջող իրականացումը խթանում է ՓՄՁ զարգացումը` ստեղծելով բարենպաստ գործարար միջավայր: