Տեղի ունեցավ Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի տասնհինգերորդ նիստը

     ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում կայացավ Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական տասնհինգերորդ  նիստը: Օրակարգային առաջին հարցով հավանություն է տրվել «ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ոչ պարենային ապրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Հաստատվեցին  ստուգաթերթեր հետևյալ բնագավառների համար.

  • ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) շահագործման նվազագույն պահանջների ստուգման,
  • խաղալիքների անվտանգության ստուգման,
  • ավտոմոբիլային և ավիացիոն բենզինի, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքի,
  • ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի և մազութի ստուգման,
  • քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների ստուգման և չափումների միասնականության ապահովման ստուգման

     Նիստում հավանության է արժանացել «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով հաստատվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը:

     Օրակարգային հաջորդ հարցով խորհուրդը հավանություն է տվել «ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ի N 1063-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Նախագծով մասնավորապես սահմանվում է, որ այսուհետ խորհրդին իրավասություն կվերապահվի հավանություն տալ նաև տեսչական մարմնի հաստիքացուցակին, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին և տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը: Սահմանվում է նաև, որ տեսչական մարմնի ղեկավարը վարչապետի նշանակմանն է ներկայացնում խորհրդի հավանությանն արժանացած տեղակալների թեկնածությունը, օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի պաշտոններում, այդ թվում` քաղաքացիական ծառայության:

     Այնուհետև տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն: Կարևորելով տեսչական բարեփոխումների իրականացումը՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել գործընթացը:

Աղբյուր՝ gov.am

12568_am_6

0
  >>>

Add a Comment