Ինչպես է զարգացնում ՏՏ ոլորտը Իջևանում գործող հավաստագրված ընկերությունը

   Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետները «Տեղեկատվական տեխնոլոգիաների պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի և ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների հավաստագրման աշխատանքների մոնիտորինգի շրջանակներում այցելեցին Իջևան քաղաքում գործող «Վեկտր» ընկերություն, որն առաջիններից մեկը  հավաստագրվեց որպես ՏՏ սկսնակ և դարձավ օրենքով սահմանված արտոնությունների շահառու: Հարկ է նաև նշել, որ «Վեկտր» ՓԲԸ-ն առաջին ծրագրավորման ընկերությունն է, որը գրանցվել է Տավուշի մարզում։

   Դեռևս միայն չորս մասնագետներից բաղկացած այս աշխատասեր թիմն այսօր լավագույն օրինակներից  է՝ ինչպես կարելի է զարգացնել ՏՏ ոլորտը մարզերում՝ ապահովելով որակյալ ծրագրային արտադրանք, համագործակցելով  ամերիկյան, ռուսական և տեղական պատվիրատուների հետ և պրակտիկ ուսուցման հնարավորություն ընձեռելով մարզի երիտասարդ ուսանողներին:

   Մենք զրուցեցինք ընկերության ղեկավար Դավիթ Զուրաբյանի հետ, ով ներկայացրեց աշխատակիցների թիմը և պատմեց ընկերության նպատակների և ծրագրերի մասին.

«Մեր նպատակն է զարգացնել ՏՏ ոլորտը Տավուշի մարզում, նպաստել խելացի և ընդունակ երիտասարդների աշխատատեղերի ստեղծմանը, կանխելով նրանց արտագաղթը մայրաքաղաք և արտերկիր։ Ներկայումս մեր թիմը բաղկացած է երեք ծրագարավորողներից, ովքեր անընդհատ աշխատում են հմտանալ, տիրապետել նորագույն տեխնոլոգիաներին և դառնալ մրցունակ մասնագետներ ՏՏ ոլորտում։ Աշխատում ենք նաև մեծացնել թիմը, այդ նպատակով անց ենք կացնում վեբ ծրագրավորման անվճար դասընթաց, որը հաջողությամբ ավարտած երիտասարդները կհամալրեն մեր թիմը։ Աշխատում ենք տարբեր նախագծերի վրա՝սկսած պարզ վեբ կայքերից մինչև բարդ ծրագրավորման լուծումներ պահանջող վեբ ծրագրեր։ Մեր ձեռքբերումներից մեկը համարում ենք այն, որ մեր պատվիրատուները գոհ են մնում մեր կատարած աշխատանքից և դառնում են մշտական գործընկեր։ Դա մեզ ավելի է ոգևորում մասնագիտանալ, զարգացնել մեր հմտությունները և բարձրացնել աշխատանքի որակը։ Ունենք արդեն ընթացքի մեջ երկու պրոդուկտ՝ որոնցից մեկը վեբ կայք է, որը կօգնի օգտատերեին բացահայտել Իջևանը և հարակից համայնքերը, գտնել անհրաժեշտ վայրը (նաև տեսնել քարտեզի վրա), իսկ տեղի ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ընկերությունը մեր ուղեցույց-կայքում»:

  Շուրջ մեկ տարի է, ինչ ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունները հավաստագրվելով օգտվում են հարկային արտոնություններից, և նմանօրինակ ընկերությունների հաջողությունները հավաստագրման գործընթացի արդյունավետության և ոլորտին ցուցաբերվող աջակցության լավագույն ապացույցն են, որոնք կոչված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը տարածաշրջանում զարգացնելուն և մրցունակ դարձնելուն:

   Հիշեցնենք նաև, որ համաձայն օրենքի` ՏՏ ոլորտի սկսնակ՝ մինչև 3 ամիս պետական գրանցում ունեցող ընկերությունները, մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը կարող են դիմել Հավաստագրման հանձնաժողովին՝ հավաստագիր ստանալու համար, իսկ հարկային արտոնությունները տրամադրվում են մինչև 2020 թվականի հունվարի 1-ը:

2 3

0
  >>>

Add a Comment