Առաջին ՏՏ սկնակ ընկերությունը հավաստագրված է և կօգտվի օրենքով սահմանված արտոնություններից

Այսօր Գործարարության աջակցման գրասենյակը հանդիպում ունեցավ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրառման շրջանակներում  առաջին հավաստագրված սկսնակ ընկերության՝ «Տետեխ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Վահագ Մինասյանի հետ:

Ընկերությունը հինգ հոգուց բաղկացած թիմ է, որը աշխատում է պատվիրատուի տրված խնդրին համապատասխան ծրագրերի պատրաստման ուղղությամբ՝ այսպիսով պատվիրատու կազմակերպության գործառույթները բերելով ավտոմատացված դաշտ: Ստեղծագործ մոտեցումները, որոնք մեծամասամբ բնորոշ են ոլորտում աշխատող մասնագետներին,  հաճախ են դրսևորվում գործունեության ընթացքում, իսկ հենց ծրագրային արտադրանքը կարող է լինել որևէ կենցաղային նպատակի ծառայող ծրագրից մինչև բարդ կառավարման համակարգի ստեղծում: Սկսնակ ընկերությունն իր գործունեության մեկնարկից ի վեր արդեն իսկ հասցրել է մեկ խոշոր ծրագիր իրականացնել:

Օրենքի՝ ուժի մեջ մտնելու և օրենքով սահմանված արտոնությունների առնչությամբ պարոն Մինասյանը նշեց, որ օրենքը շատ օգտակար կլինի, և ՏՏ ոլորտի մասնագտները պետք է ակտիվ լինեն, որպեսզի օգտվեն օրենքի արտոնություններից: Ընկերության փոխտնօրենը նաև նշեց, որ պատվերների շատանալու դեպքում կմեծացնի նաև աշխատակիցների թիվը: Այս առումով օրենքը կծառայի իր հիմնական նպատակներից մեկին՝ ՏՏ ոլորտի ընկերություններին զարգացում և հետագա աճ ապահովելուն:

Այն հարցին, թե որքան կարևոր է ոլորտի ներկայացուցչի համար կազմակերպության միջոցով գործունեություն իրականացնելը, պարոն Մինասյանը պատասխանեց, որ ցանկացած պարագայում կազմակերպության առկայությունը պատասխնատվության վերաբաշխման հնարավորություն է ընձեռում:

Հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչը նշեց նաև, որ բնական ռեսուրսներով հարուստ չլինելով, մյուս կողմից, մենք կարող ենք կիրառել և զարգացնել մեր ունակությունները ՏՏ ոլորտում, և որ Հայաստանի համար ՏՏ ոլորտի զարգացման մեծ հեռանկարներ կան. ՏՏ արտադրանքի շուկան բավականին մեծ է և մեր օրերում գրեթե բոլոր առաջադեմ կազմակերպություններն այս թե այն կերպ օգտվում են ծրագրավորման ընձեռած հնարավորություններից:

Հիշեցնենք նաև, որ օրենքով սահմանված կարգով արդեն իսկ մեկնարկել է սկսնակ ՏՏ ընկերությունների հավաստագրման գործընթացը: Վերջիններս հավաստագրման համար կարող են դիմել ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն մինչև 2017 թվականը, իսկ հարկային արտոնությունները գործում են մինչև 2020 թվականի հունվարի 1-ը:

Havastagir Tetex

0
  >>>

Add a Comment